Սաուդցի ներդրողները կարող են ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային առաջարկ կատարել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի տրանսֆերի համար, հայտնում է talkSPORT-ը։
Հաղորդվում է, որ այս տրանսֆերով հետաքրքրված են ոչ միայն «Ալ-Ահլին» ու «Ալ-Հիլալը», այլև Սաուդյան Արաբիայի սպորտի նախարարությունը, որը գտնվում է Հանրային ներդրումային հիմնադրամի (PIF) հովանու ներքո։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սաուդցիները պատրաստ են վճարել 350 միլիոն եվրո՝ իրենց նպատակին հասնելու համար։ Անձնական պայմանագրի գումարը կկազմի 1 միլիարդ (5 տարվա համար)։
Արաբական կողմը հույս ունի օգտվել «Ռեալի» հետ ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման բանակցությունների դադարից և համոզել նրան տեղափոխվել հիմա։ Նույնիսկ եթե Վինիսիուսը երկարաձգի իր պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ, սաուդցիները կշարունակեն քրտնաջան աշխատել ֆուտբոլիստին ձեռք բերելու համար ոչ ուշ, քան 2027/28 մրցաշրջանը՝ հավատալով, որ հենց այդ ժամանակ նա կհասնի իր կարիերայի գագաթնակետին։
Ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը մինչ օրս բրազիլացի հարձակվող Նեյմարի 2017 թվականի՝ 222 միլիոն եվրոյով «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխությունն է։
Անցած մրցաշրջանում Վինիսիուսը մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 58 խաղի, խփել է 22 գոլ և կատարել 19 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։Transfermarkt-ը 25-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 170 միլիոն եվրո։
























































