Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարեց 20-ամյա անգլիացի վինգեր Ջեյմի Բայնո-Գիթենսի տրանսֆերի մասին:
Ֆուտբոլիստը տեղափոխվել է գերմանական «Բորուսիա Դորտմունդից» և պայմանագիր է կնքել մինչև 2032 թվականը: Բայնո-Գիթենսը հայտնել է, որ ոգևորված է «Չելսիի» նման խոշոր ակումբին միանալու և իրեն ամբողջությամբ նվիրելու հնարավորությունից:
Ըստ Transfermarkt-ի՝ տրանսֆերի արժեքը կազմել է 64.3 միլիոն եվրո, իսկ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով՝ բոնուսներով գումարը գերազանցում է 60 միլիոն եվրոն:
Բայնո-Գիթենսը կարիերան սկսել է «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիայում, 2020-ին միացել է «Բորուսիայի» երիտասարդական թիմին, իսկ 2022-ից հանդես է եկել Դորտմունդի հիմնական կազմում: «Բորուսիայում» նա անցկացրել է 107 խաղ, խփել 17 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում: 2024/25 մրցաշրջանում նա մասնակցել է 49 հանդիպման՝ խփելով 12 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում: