Չնայած երկու օր առաջ Պլզենում Չեխիայից կրած պարտությանը (0:2), Չեռնոգորիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները մեծ ոգևորությամբ են պատրաստվում այսօր՝ Նիկշիչում, Հայաստանի հավաքականի դեմ ընկերական խաղին (ժամը 22:00): Այս մասին գրում է Pobjeda.me-ն։
«Բիստրիցա» մարզադաշտում իրենց նորամուտը կտոնեն երկու երիտասարդ ֆուտբոլիստներ՝ 2006 թվականին ծնված Վասիլիե Աջիչը և Անդրիե Բուլատովիչը: Այս խաղը հատուկ նշանակություն ունի նաև թիմի ավագ Ստեֆան Յովետիչի համար:
Յովետիչը այսօրվա խաղում կանցկացնի իր 87-րդ հանդիպումը ազգային հավաքականի կազմում՝ գերազանցելով Ֆատոս Բեչիրայի ռեկորդը և դառնալով Չեռնոգորիայի բոլոր ժամանակների ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստներից մեկը:
«Յովետիչն այստեղ է և լավ մարզավիճակում է», – հայտարարել է գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին՝ հաստատելով, որ Պոդգորիցայից սերող վարպետը կմասնակցի Հայաստանի դեմ խաղին:
Ստեֆան Յովետիչը նորամուտը նշել է Չեռնոգորիայի ազգային հավաքականի առաջին խաղում՝ 2007 թվականի մարտի 24-ին, Հունգարիայի դեմ: Նա ռմբարկուների ցուցակում անվիճելի առաջատար է՝ խփած 37 գոլով, մինչդեռ երկրորդ տեղում գտնվող Միրկո Վուչինիչը խփել է 17 գոլ: