Ավելի վաղ գրել էինք, որ Կաորու Միտոման պատրաստ է միանալ «Բավարիային»։ Լրագրող Ֆլորիան Պլետենբերգը պնդում է, որ «Բրայթոնի» վինգերը հստակորեն հասկացրել է, որ պատրաստ է ամռանը գերմանական ակումբ տեղափոխվելու համար։
Մյունխենյան թիմն արդեն կապ է հաստատել և հանդիպել է ճապոնացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։
Այժմ տրանսֆերային մրցավազքին միացել է նաև «Արսենալը»։ Անգլիական ակումբը դիտարկում է «Ռեալից» Ռոդրիգոյի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությունը, սակայն թե տրանսֆերի արժեքը, թե ֆուտբոլիստի աշխատավարձը կարող են խոչընդոտել նրա տեղափոխության Մառախլապատ Ալբիոն։ Արդյունքում, անգլիական գրանդը որոշել է միանալ Միտոմայի տրանսֆերային մրցավաքին․ ֆուտբոլիստն արդեն մի քանի մրցաշրջան է, ինչ հանդես է գալիս ԱՊԼ-ում և հանդիսանում է «Բրայթոնի» առաջատարը, այնպես որ նրանից լրացուցիչ ժամանակ չի պահանջվի՝ նոր լիգային հարմարվելու համար, ինչը որոշակի առավելություն է Ռոդրիգոյի հավանական տրանսֆերի նկատմամբ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բրայթոնը» պատրաստ է դիտարկել ֆուտբոլիստի տրանսֆերի՝ ավելի քան 90 մլն եվրո առաջարկները, սակայն ըստ Bayern & Germany-ի՝ տրանսֆերի արժեքը կարող է ավելի համեստ գումար կազմել՝ 40-45 մլն եվրո (դա «Բավարիայի» դեպքում, իսկ անգլիական թիմերին տրանսֆերը կարող է ավելի թանկ արժենալ)։
Միտոմայի ծառայություններով ավելի վաղ հետաքրքրված էին նաև «Ալ Նասրը» և «Չելսին»․ սաուդյան ակումբը ծրագրում է ամռանը վերադառնալ նրա թեկնածությանը։