2024/2025թթ․ մրցաշրջանի ապրիլը վճռորոշ է «Բարսելոնայի» համար, գրում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը։
«Բլաուգրանան» շարունակում է պայքարը երեք մրցաշարերում։
Սկսվել է «Բարսելոնայի» ընթացիկ մրցաշրջանի ամենակարևոր փուլը։ Ապրիլը վճռորոշ է, քանի որ թիմը շարունակում է պայքարն Իսպանիայի գավաթի, Լա Լիգայի և Չեմպիոնների լիգայի տիտղոսների համար։
Կոպա դել Ռեյ – վճռորոշ կիսաեզրափակիչ
Վաղը՝ ապրիլի 2-ին, «Բարսելոնան» կանցկացնի Կոպա դել Ռեյի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։ Առաջին խաղն ավարտվել է 4։4 հաշվով, ուստի հաղթանակը պարտադիր է՝ եզրափակիչ հասնելու համար։ Եթե թիմը հաղթահարի այս արգելքը, ապա ապրիլի 26-ին կպայքարի գավաթի համար՝ մրցելով «Ռեալ» — «Ռեալ Սոսյեդադ» զույգի հաղթողի հետ։
Լա Լիգա – պայքար առաջնության չեմպիոնի տիտղոսի համար
Գերմանացի մասնագետ Հանսի Ֆլիկի թիմն ապրիլի 5-ին ուժերը կչափի «Բետիսի» հետ, որը Լա Լիգայի լավագույն մարզավիճակ ունեցող թիմերից մեկն է։ Ապրիլի 12-ին «Բարսելոնայի» մրցակիցը կլինի «Լեգանեսը», իսկ 19-ին՝ «Սելտան»։
Չեմպիոնների լիգա – քառորդ եզրափակիչ դորտմունդցիների դեմ
«Կապտանռնագույնները» ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի շրջանակում ապրիլի 9-ին կմրցեն Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Պատասխան հանդիպումը կկայանա Գերմանիայում՝ ապրիլի 15-ին։