Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նուրի Շահինը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Sky Sport Germany-ն։
Ըստ աղբյուրի՝ թուրք մասնագետին իր հեռացման մասին հայտնել են նախօրեին՝ հունվարի 21-ին, ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 7-րդ տուրի՝ «Բոլոնիայի» հետ խաղում կրած պարտությունից հետո։ Նշենք, որ Դորտմունդի «Բորուսիան» չորս անընդմեջ պարտություն է կրել։
Ավելի վաղ Շահինն ակնարկել էր, որ կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից:
«Եթե մարզչի փոփոխությունը կլուծի բոլոր հարցերը, խնդիր չէ: Ես պատասխանատու եմ թիմի խաղի համար։ Փաստն այն է, որ մենք չորս անգամ անընդմեջ պարտվել ենք»,- Շահինի խոսքերն է մեջբերում Դորտմունդի «Բորուսիայի» պաշտոնական կայքը։
Այսօրվա դրությամբ դորտմունդցիները Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 10-րդ տեղը՝ վաստակելով 25 միավոր։ Շահինը Դորտմունդի «Բորուսիան» գլխավորել է անցած ամառ՝ փոխարինելով Էդին Թերզիչին, որի օգնականն էր: