Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ռուս մարտիկ Իսլամ Մախաչևը հաղթեց բրազիլացի Ռենատո Մոյկանոյին UFC 311 մրցաշարի գլխավոր մենամարտում։
Մենամարտից հետո Մախաչևը կիսվել է իր տպավորություններով․
«Միշտ ցանկանում եմ հաղթել մրցակցին։ Պատասխանատու եմ խոսքերիս համար՝ տվեք ինձ փոքր հնարավորություն և ես ամեն ինչ ավարտին կհասցնեմ ժամկետից շուտ։
Ինձ համար կարևոր չէ, թե ում հետ կմենամարտեմ։ Յուրաքանչյուր ոք, ով կարող է անհրաժեշտ քաշ հավաքել, թող դուրս գա իմ դեմ։
Ինձ դուր է գալիս իմ չեմպիոնական գոտին։ Ինձ մրցակից գտնելն իմ գործը չէ։ Եթե որևէ մեկը չեմպիոնական գոտիս է ուզում, կարող է մտնել վանդակ»,- նշել է Մախաչևը։
Մախաչևի հաղթանակների շարքը UFC-ում հասավ 15-ի։ Անպարտելիությամբ Իսլամը երկրորդ տեղում է՝ հավասարվելով Կամարու Ուսմանին։
UFC-ում ավելի երկար հաղթանակների շարք ունեն միայն Անդերսոն Սիլվան (16) և Ջոն Ջոնսը (20):
Մախաչևը չեմպիոնի գոտին նվաճել է 2022 թվականի հոկտեմբերին՝ հաղթելով Չարլզ Օլիվեյրային։ Հետագայում նա հաղթել է Ալեքսանդր Վոլկանովսկուն երկու անգամ և 2024 թվականի հունիսին հաղթել Դասթին Պորյեին։
33-ամյա Մախաչևը խառը մենամարտերում ունի 27 հաղթանակ և մեկ պարտություն։ Մոյկանոյի ակտիվում կա 20 հաղթանակ, մեկ ոչ-ոքի և վեց պարտություն։