Ամառային տրանսֆերային պատուհանի ամենաանսպասելի և քննարկվող տեղափոխություններից մեկը Մերսիսայդում Կերտիս Ջոնսի հեռանալն էր հարազատ «Լիվերպուլից»: Ակադեմիայի սանը, ով «կարմիրների» կազմում անցկացրել էր ամբողջ 16 տարի (միացել էր դեռ 9 տարեկան հասակում), 30 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց համալրեց Իտալիայի գրանդի՝ Միլանի «Ինտերի» շարքերը:
Ինչպես հայտնում է The Mirror-ը, 25-ամյա անգլիացի կիսապաշտպանն անկեղծացել է այն մասին, թե ինչն է իրականում ստիպել իրեն կտրուկ քայլ անել և տեղափոխվել Սերիա Ա.
Գլխավոր գործոնը՝ Կրիստիան Կիվու
Ջոնսի խոսքով՝ «ներաձուրիների» գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն դարձել է այն հիմնական շարժիչ ուժը, որը նրան համոզել է փոխել միջավայրը։
«Այստեղ գալուս պատճառն ունեմ. հեռախոսազանգերը, որոնք ունեցել ենք, թե ինչպես է հանդես գալիս թիմը, նրա մարտավարական գաղափարները և ամեն օր կատարվող աշխատանքը»,- նշել է Ջոնսը:
«Կարևոր են մանրուքները, որոնք նա ասում է. դրանք առաջին հայացքից աննշան են թվում, բայց վերջում հսկայական ազդեցություն են ունենում: Բացի այդ, նա հսկայական փորձ ունի և ինքն էլ հանդես է եկել ամենաբարձր մակարդակով։ Նա փայլուն է կառավարում թիմը, նա «մերոնցից է», և ինձ համար դա հիմնարար նշանակություն ունի»։

Լավ մեկնարկ և նոր մարտահրավերներ
Նոր ակումբում Ջոնսի գործերը լավ են դասավորվում։ Նա արդեն հասցրել է իր դրական ազդեցությունը թողնել՝ մասնակցելով «Կալյարիի» դեմ հաղթական խաղին, իսկ հետո էլ փոխարինման դուրս գալով ընդմիջմանը՝ օգնել «Ինտերին» կամային հաղթանակ տոնել «Նապոլիի» դեմ խաղում (0:2 հաշվից հետո՝ 3:2), ինչի շնորհիվ միլանյան ակումբը բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական։
«Ոմանք ասում են, թե Սերիա Ա-ն ձանձրալի է, իսկ Պրեմիեր լիգան՝ ոչ, բայց այսօր դուք դա չտեսաք», — հպարտությամբ նշել է Ջոնսը հաղթանակից հետո,- «Այստեղ հիանալի մարզիչներ կան և հսկայական մարտավարություն։ Այսօր գեղեցիկ խաղ էր՝ լի պահերով, իսկ մարզչի տակտիկական փոփոխություններն օգնեցին մեզ հաղթել: Իտալական թիմերը երբեք չեն հանձնվում, սա իսկական տեսարան էր»:
Արդեն շատ շուտով Կերտիս Ջոնսը և «Ինտերը» կսկսեն իրենց պայքարը Չեմպիոնների լիգայում՝ մրցելով առաջին տուրում Մադրիդի «Ռեալի» դեմ։
























































