Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորն Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Ռայո Վալեկանոյի» հետ գրանցած ոչ-ոքիից հետո մրցակցի երկրպագուներին ակնարկել է Լա Լիգայից դուրս մնալը։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Երբ հնչել է եզրափակիչ սուլիչը, Վինիսիուսն արժանացել է «Ռայո Վալեկանոյի» երկրպագուների զայրացած բղավոցներին, երբ նա շարժվում էր դեպի Մադրիդի «Կամպո դե Վալեկաս» մարզադաշտի թունելի ուղղությամբ: Բրազիլացին այս խոսքերին արձագանքել է ցուցադրական ժեստով՝ երկրպագուներին ցույց տալով երկու մատը և ձեռքը վար շարժելով՝ հավելելով. «Դեպի Սեգունդա»։
«Ռայո Վալեկանոյի» նախագահ Ռաուլ Մարտին Պրեսան պատասխանել է բրազիլացի վինգերի ժեստին. «Վինիսիուսի նման վերաբերմունքը տեղին չէ, քանի որ նա վերջում ասում է Ռայոյի նման երկրպագուներին. «Տեղափոխվեք երկրորդ դիվիզիոն», երբ մեզ համար բարձրագույն լիգայում լինելը նշանակում է գոյատևում բոլոր մակարդակներում: Պատժամիջոցներ մեր ակումբի նկատմա՞մբ. Պետք է նորից դիտել դրվագները, քանի որ տրիբունաներում մարդիկ շատ քաղաքավարի էին, բայց եթե ինչ-որ մեկը, երբ սադրում են, ինչ-որ անհարիր բան է ասում կամ որևէ առարկա նետում, դա արդեն պարկեշտ չէ: Բայց «Ռայոն» սադրանքների տակ է ընկնում… Ի՞նչ մեղք ունենք. Արդյո՞ք դա ակումբի մեղքն է:
Մենք պետք է հարգանք դրսևորենք ամենուր և միշտ, քանի որ մարզաշխարհին վատ բաներ ցանկանալը սխալ է։ Ֆուտբոլիստները պետք է պատշաճ վերաբերմունք ունենան»։
17 տուրից հետո Մադրիդի «Ռեալը» զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Անչելոտիի թիմը վաստակել է 37 միավոր։ «Ռայո Վալեկանոն», 16 հանդիպումից հետո 20 միավորով 13-րդ տեղում է։