Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարսել Դեսային կիսվել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի վերաբերյալ իր կարծիքով՝ մադրիդյան ակումբին խորհուրդ տալով վաճառել բրազիլացուն։
«Կարծում եմ՝ «Ռեալը» դեռ ամռանը պետք է բաց թողներ Վինիսիուսին։ Նրանք պետք է այլ ֆուտբոլիստների փնտրեն։ Մենք կրկին խոսում ենք Մբապեի և Վինիսիուսի միջև փոխըմբռնման մասին։ Այս խաղային կապն այդպես էլ չապացուցեց իր հաջողությունը։ Ուստի, որպես վերլուծաբան իմ անձնական կարծիքով, Վինիսիուսի հեռանալը լավագույն որոշումը կլինի «Ռեալի» համար»,- Դեսայիի խոսքերն է մեջբերում beIN Sports-ը։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուս Ժունիորը «Ռեալի» կազմում անցկացրել է 10 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլացու գործող պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2032 թվականի հունիսի 30-ը։

























































