Հայաստանի ազգային հավաքականի ու իրանական «Փեյքանի» դարպասապահ Արամ Հայրապետյանը հարցազրույց է տվել ՀՖՖ-ի՝ ВКонтакте-ի պաշտոնական էջին, խոսելով կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված սահմանափակումների, ինչպես նաև հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մասին:
«Այս պահին Իրանի մայրաքաղաքում եմ, որը վարակավածների թվով երկրորդն է երկրում: Հիվանդների թիվն արդեն անցել է 40 հազարը:
Ես կարանտինի մեջ եմ, հետևում եմ անվտանգության բոլոր միջոցներին, և տանից դուրս եմ գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Առաջնությունն ու մարզումները դադարեցվել են արդեն գրեթե 20 օր: Քանի որ դեռ պարզ չէ, թե երբ այս ամենը կավարտվի, ես ակումբի ղեկավարությունից թույլտվություն եմ ստացել մարզվել մարզաբազայում, որպեսզի պահեմ մարզավիճակս: Հուսով եմ, որ մեզ շուտ կհաջողվի հաղթահարել այս դժվարությունը: Ես իմ հայրենակիցներին խնդրում եմ լուրջ վերաբերվեն այս խնդրին, չխախտել կարանտինի կանոնները և իրենց հարազատների կյանքը վտանգի չենթարկեն:
Ինչ վերաբերում է հավաքականի նոր մարզչին, ասեմ որ նա մեծ փորձ ունի, և մարզել է շատ ուժեղ թիմերի: Կարծում եմ՝ նրա փորձը կօգնի մեզ հասնել լավ արդյունքների», — Հայրապետյանի խոսքերն է մեջբերել ՀՖՖ մամուլի ծառայությունը: