«Արսենալը» Անգլիայի լիգայի Գավաթի 3-րդ տուրում այսօր սեփական հարկի տակ ընդունել է Առաջին լիգայում հանդես եկող «Բոլտոն Ուոնդերերսին» և 5:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ:
Զինագործների կազմում հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացել է Դեկլան Ռայսը, մինչև ընդմիջում՝ 37-րդ րոպեին, թիմի 17-ամյա հարձակվող Իտան Նվաներին կրկնապատկել է իր թիմի առավելությունը: Երկրորդ կեսի մեկնարկում Նվաներին դուբլ է ձևակերպել՝ Ռայսի փոխանցումից հետո հաշիվը դարձնելով 3:0:
4 րոպե անց, սակայն, Աարոն Քոլինզը մեկ գնդակ ետ է բերել «Բոլտոն Ուոնդերերսի» կազմում, սակայն ավելին անել հյուրերին չի հաջողվել: Այնուհետև «Արսենալի» առավելությունը մեծացրել են Ռահիմ Սթերլինգը և Կայ Հավերցը՝ գոլի հեղինակներ դառնալով համապատասխանաբար 64-րդ և 77-րդ րոպեներին:
Այսպիսով, «Արսենալը» շարունակում է պայքարը Անգլիայի լիգայի գավաթում: