Կիրակի օրը «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը» հանդիպեցին Անգլիայի առաջնության հինգերորդ տուրի շրջանակում։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 2-2 հաշվով։ Հանդիպման 9-րդ րոպեին Էրլինգ Հոլանդը բացեց հանդիպման հաշիվը՝ խփելով իր 100-րդ գոլը մանչեսթերյան թիմի կազմում։ Այնուհետև նախ Կալաֆիորին շքեղ հարվածով հավասարեցրեց հաշիվը, իսկ հետո Գաբրիելը լոնդոնցիներին առաջ մղեց հաշվի մեջ։
Ամբողջ երկրորդ խաղակեսը հյուրերն անցկացրեցին 10 հոգով, երբ ընդմիջումից առաջ խաղադաշտից հեռացվեց Տրուսարդը։
Խաղավերջում Գվարդիոլայի թիմը ոչ-ոքի կորզեց այս խաղում․ ավելացված 97-րդ րոպեին իր թիմին պարտությունից փրկեց Սթոունզը՝ 2-2։
«Մանչեսթեր Սիթին», ինչպես և «Արսենալը», այս մրցաշրջանում ոչ մի խաղում չի պարտվել: «Քաղաքաբնակները» 13 միավորով գլխավորում են Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Արտետայի թիմը 11 միավորով 4-րդն է։
























































