«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը խոստովանել է, որ ցանկանում էր որքան հնարավոր է շուտ նշել իր նորամուտը թիմի կազմում:
Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, «Լոկոմոտիվը» Ռուսաստանի գավաթի ՌՊԼ-ի ուղու խմբային փուլի չորրորդ տուրի արտագնա խաղում 5:1 հաշվով ջախջախեց «Խիմկիին»: Սևիկյանը դաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսում և գոլային փոխանցում կատարեց Տիմուր Սուլեյմանովին:
«Ուրախ եմ, որ նորամուտս այսպես ստացվեց: Առաջին խաղակեսում պակասում էր սրությունը, ինչը երկրորդում ավելացրինք և հասանք արդյունքի: Ինչ վերաբերում է ինձ, ապա ցանկանում էի որքան հնարավոր է շուտ նշել իմ նորամուտը և օգնել թիմին: Կարևորն այն է, որ հաղթեցինք և ուրախացրինք մեր երկրպագուներին: Ամեն ինչ հրաշալի է»,- Սևիկյանի խոսքերն է փոխանցում «Матч ТВ»-ի թղթակիցը:
























































