Չեմպիոնների լիգան վերադառնում է նոր ձևաչափով։ 2021 թվականին գերակումբների կողմից Սուպերլիգա ստեղծելու անհաջող փորձից հետո ՈւԵՖԱ-ն փոփոխություն է մտցրել Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարում։
Փոփոխությունները, կարծես, ոչ ոքի դուր չի եկել։ Մարզիչներն ու ֆուտբոլիստները դժգոհ են հանդիպումների մեծ քանակից, իսկ երկրպագուները չեն հասկանում նորամուծությունները և պահանջում են վերադարձնել հին օրհներգը։
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Չեմպիոնների լիգայի 1-ին տուրի շրջանակում «Բավարիան» «Մյունխեն Արենայում» կմրցի Զագրեբի «Դինամոյի» հետ:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
Հանդիպման մրցավարը՝ Խուան Մարտինես
«Բավարիան» և «Դինամոն» Չեմպիոնների լիգայի 2015/16թթ․ մրցաշրջանում եղել են նույն խմբում: Երկու խաղերում էլ ուժեղ են գտնվել մյունխենցիները՝ հաղթելով մրցակցին 2:0 և 5:0 հաշիվներով: 7 գոլից 5-ը խփել է Ռոբերտ Լևանդովսկին:
«Մեզ համար այսպիսի սկիզբը նորություն է: Կարևորն այն է, որ եզրափակիչը Մյունխենում է, և մենք ցանկանում ենք լինել այնտեղ: Մոտիվացիան ամենաբարձր մակարդակի վրա է: Հաճելի կլինի դուրս գալ եզրափակիչ: Առաջին խաղում պետք է տնային աշխատանք կատարել: Գիտենք մրցակցի ուժեղ և թույլ կողմերը: Գիտենք, որ Մարտին Բատուրինան լավ ֆուտբոլիստ է, իսկ Բրունո Պետկովիչը հրաշալի է իրացնում տուգանայինները: Պետք է զգույշ լինել»,- «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Մյունխենում տնային եզրափակչի երազանքը երկրպագուների համար է: Մեզ համար կարևոր է այն, թե մենք ինչ ենք պատրաստվում ցուցադրել խաղադաշտում: Մեզ դժվար հանդիպում է սպասվում: Կարևորը լավ ֆուտբոլ ցուցադրելն ու հաղթելն է: Ցանկանում ենք յուրաքանչյուր խաղում միավորներ վաստակել»,- ասել է մյունխենցիների գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին:
«Մեր դեմ է դուրս գալու մեծագույն ակումբ: Չեմ ասի, որ այստեղ որպես զբոսաշրջիկ ենք եկել: Գիտակցում ենք «Բավարիայի» ուժը, աշխարհի լավագույն ակումբներից մեկն է, որը շատ լավ է մեկնարկել մրցաշրջանը: Մենք էլ մեր առավելություններն ունենք: Կօգտվենք մեր ուժեղ կողմերից»,- ասել է «Դինամոյի» հարձակվող Բրունո Պետկովիչը:
«Մեզ մեծագույն մրցակցի դեմ հակամարտություն է սպասվում: Երբ վերլուծում ես «Բավարիային» և տեսնում ես նրա ուժեղ կողմերը, չես հասկանում, թե որտեղից պետք է սկսես մրցակցությունը»,- ասել է զագրեբյան ակումբի գլխավոր մարզիչը Սերգեյ Յակիրովիչը:
«Բավարիա»՝ Նոյեր, Լայմեր, Ուպամեկանո, Կիմ Մին Ջաե, Գերեյրու, Կիմիխ, Պավլովիչ, Օլիսե, Մուսիալա, Գնաբրի, Քեյն
Չեն Խաղա՝ Բոեյ, Իտո, Պերեց, Ստանիշիչ
«Դինամո»՝ Նևիստիչ, Ռիստովսկի, Տեոֆիլ-Կատրեն, Մաե, Պյեր-Գաբրիել, Միշիչ, Սուչիչ, Պյացա, Բատուրինա, Խոջա, Պետկովիչ
Հարցականի տակ է՝ Միշիչ