Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին Իսրայելի հետ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2-րդ խմբի 2-րդ տուրի խաղից առաջ խոսել է իր թիմի կազմի մասին։
«Մեր ազգային հավաքականը ներկայում չունի այնպիսի ակնառու վարպետություն ունեցող ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ռոբերտո Բաջիոն, Ալեսանդրո Դել Պիերոն կամ Ֆրանչեսկո Տոտտին: Այնուամենայնիվ, մենք ունենք բազմաթիվ խաղացողներ, որոնք ունեն տարբեր հմտություններ և հարմարվողականություն: Նրանք պատրաստ են զոհաբերել իրենց՝ հանուն ընդհանուր գործի և հանդես գալ միասնական՝ որպես մեկ ամբողջություն։ Անցած ուրբաթ Ֆրանսիայի հետ խաղում մեր թիմը ոչ թե պարզապես թիմ էր, այլ իսկական եղբայրներ։ Սա շատ դժվարությունների լուծման բանալին է»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2-րդ խմբի 1-ին տուրի խաղում Իտալիայի հավաքականը 3:1 հաշվով հաղթանակ է տարել Ֆրանսիայի նկատմամբ։
























































