Ֆուտբոլային գործակալ Ռոբերտո Կալենդան, որը ներկայացնում է «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենի շահերը, հայտարարություն է տարածել՝ կապված խաղացողի՝ Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության մասին լուրերի հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նապոլին» և «Ալ-Ահլին» մոտ են նիգերիացու տրանսֆերի շուրջ համաձայնությանը՝ ավելի քան 65 միլիոն եվրոյի դիմաց։
«Օսիմհենը «Նապոլիի» խաղացող է, որի պայմանագիրը վերջերս երկարաձգվեց երկկողմանի համաձայնությամբ: Նա պատմություն կերտեց ակումբի համար, և երբ մեծ առաջարկներ էին ստացվում (նաև այս տարի), մենք միշտ համաձայն էինք ակումբի՝ նրան պահելու որոշման հետ:
Նա փաթեթ չէ, որին կարելի է ուղարկել նոր խաղացողների համար տեղ բացելու համար: Վիկտորն ընտրվեց Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ, զբաղեցրեց ութերորդ տեղը «Ոսկե գնդակի» անվանակարգում և դեռ շատ անելիքներ ունի Եվրոպայում: Հարգանքն ու հավասարակշռությունը անհրաժեշտ են»,- գործակալի խոսքը մեջբերում է լրագրող Բեն Ջեյքոբսը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
























































