«Մանչեսթեր Սիթին» և Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» համաձայնության են եկել պորտուգալացի 30-ամյա աջ պաշտպան Ժոաու Կանսելուի հնարավոր տրանսֆերի շուրջ, հայտնում է City Report-ը։ Աղբյուրի համաձայն՝ տրանսֆերային փոխհատուցման չափը կարող է կազմել առնվազն 35 մլն եվրո։
Անցած մրցաշրջանը ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրել է իսպանական «Բարսելոնայում», որտեղ բոլոր մրցաշարերում անցկացրած 42 խաղում խփել է 4 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ 2023 թվականի հունվարից մինչև հունիս Ժոաու Կանսելուն վարձավճարով հանդես է եկել նաև Մյունխենի «Բավարիայում»։
Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2019 թվականի օգոստոսին իտալական «Յուվենտուսից», տրանսֆերային փոխհատուցումը կազմել է 65 միլիոն եվրո։
Կանսելուն Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է 58 հանդիպում, դարձել 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
























































