Իտալիայի Ա Սերիայի 1-ին տուրում «Ջենոան» սեփական հարկի տակ ընդունել է Միլանի «Ինտերին» և ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտել հանդիպումը։
20-րդ րոպեին «Ջենոայի» պաշտպան Ալեսանդրո Վոլյակոն բացել է խաղի հաշիվը։ 30-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել «Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամը։ 82-րդ րոպեին Թյուրամը դուբլ է ձևակերպել և առաջ է մղել իր թիմին։ 90+5-րդ րոպեին «Ջենոայի» հարձակվող Ժունիոր Մեսիասը չի կարողացել անվրեպ իրացնել 11 մետրանոցը, բայց հետո գնդակն ուղարկել է միլանցիների դարպասը՝ 2:2:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 66-րդ րոպեին:
Ա Սերիայի մեկնարկային տուրի մյուս խաղում մրցել են «Պարման» և «Ֆիորենտինան»։ Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով։ Կիսապաշտպան Դենիս Մանը գոլի հեղինակ է դարձել «Պարմայի» կազմում, իսկ «Ֆիորենտինայի» կազմում աչքի է ընկել պաշտպան Կրիշտիանու Բիրագին:
























































