«Զամալեքի» և Եգիպտոսի հավաքականի պաշտպան Ահմեդ Ֆաթուհին ձերբակալվել է մահացու վթարի համար, որի հետևանքով ոստիկան է զոհվել, հայտնում է Ahram թերթը։
Կիրակի՝ օգոստոսի 11-ի առավոտյան, երկրի հյուսիսում գտնվող ճանապարհներից մեկում ֆուտբոլիստն իր ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու։
Թեստերը ցույց են տվել, որ Ֆաթուհը եղել է թմրամիջոցների ազդեցության տակ, ինչպես նաև գերազանցել է սահմանված արագությունը։
26-ամյա ֆուտբոլիստի գործը փոխանցվել է քրեական դատարան, նրան մեղադրանք է առաջադրվել չկանխամտածված սպանության համար։
2019 թվականից ի վեր Ֆաթուհին 28 հանդիպում է անցկացրել Եգիպտոսի հավաքականի կազմում և դարձել մեկ գոլի հեղինակ։
























































