Գերմանական Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանը կմեկնարկի արդեն երկու շաբաթից՝ օգոստոսի 23-ին։ Առաջնությանը կմասնակցի 18 ակումբ։
Երկրորդ Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի արդյունքներով երկու թիմ նվաճել է էլիտայի ուղեգիր, որոնցից մեկն առաջին անգամ կմասնակցի բարձրագույն լիգայի առաջնությանը։
«Սանկտ Պաուլին» դարձավ Երկրորդ Բունդեսլիգայի հաղթող և 13 տարի անց վերադարձավ գերմանական ֆուտբոլի էլիտա, որը թիմը լքել էր 2010/2011 մրցաշրջանում։
«Սանկտ Պաուլին» հանդիսանում է համանուն մարզական ակումբի մի մասը, որը ներառում է նաև հեծանվասպորտի, ռեգբիի, սեղանի թենիսի, շախմատի և այլ մարզաձևերի թիմեր։ «Ծովահենները» հայտնի են նաև իրենց երկրպագուների մեծ ուլտրասով, և ոչ միայն Գերմանիայում, այլ ամբողջ աշխարհում։
Համբուրգը ներկայացնող ակումբը չի կարող պարծենալ մեծ հաջողություններով․ թիմը երկու անգամ հաղթել է Երկրորդ Բունդեսլիգան և 4 անգամ Համբուրգի լիգայի գավաթը։
Մարզիչը՝ Ալեքսանդր Բլեսին (Գերմանիա)
«Հոլշտեյն» ակումբը նվաճեց Բունդեսլիգայի ուղեգիր՝ զբաղեցնելով երկրորդ տեղը Երկրորդ Բունդեսլիգայում։ «Հոլշտեյնն» ընդամենը մեկ միավոր զիջեց առաջատար «Սանկտ Պաուլիին»
«Հոլշտեյնն» իր պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Բունդեսլիգայում։
Ակումբը հիմնադրվել է 1900 թվականին և 12 տարի անց դարձել է Գերմանիայի չեմպիոն, նաև երկու անգամ խաղացել է եզրափակիչում․ ճիշտ է, այն ժամանակ դեռ Բունդեսլիգան որպես առաջնություն գոյություն չուներ, այն հիմնադրվել է միայն 1963 թվականին։
Ինչ վերաբերում է 21-րդ դարին, ապա ակումբի ամենամեծ նվաճումը կարելի է համարել 2020/21 մրցաշրջանում Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ հասնելը։ 1/16 եզրափակիչում նրանք հաղթել էին «Բավարիային», իսկ 1/4-ում՝ «Բայերին»։
Մարզիչը՝ Մարսել Ռապ (Գերմանիա)
Դյուսելդորֆի «Ֆորտունան» կարող էր լինել երրորդ նորեկն առաջնությունում, թիմն ավարտեց մրցաշրջանը Երկրորդ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում և փլեյ-օֆֆում պայքարեց բարձրագույն լիգայի ուղեգրի համար։ Գերմանիայի Բունդեսլիգայի 2023-24 թթ․ մրցաշրջանի անցումային պատասխան խաղում «Ֆորտունան», որն առաջին խաղում հաղթել էր 3-0 հաշվով, ընդունել էր «Բոխումին»։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց նույն 3-0 հաշվով։ Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեցին «Բոխումի» ֆուտբոլիստները, որոնք պահպանեցին տեղն էլիտայում։
Կարդացեք նաև՝ Թոփ-5 լիգաների նորեկները․ Լիգա 1