Եվրոպայի 2024 թվականի առաջնության մեկնարկային խաղում A խմբում ընդգրկված Գերմանիայի հավաքականը Մյունխենի Ալյանց Արենայում ընդունել է Շոտլանդիայի ընտրանուն և 5:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ:
10-րդ րոպեին Գերմանիայի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը բացել է հանդիպման հաշիվը։ 19-րդ րոպեին թիմի առավելությունը կրկնապատկել է Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան։ 45-րդ րոպեին շոտլանդացիների պաշտպան Ռայան Պորտեուսը ուղիղ կարմիր քարտ է ստացել կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի նկատմամբ խախտման համար: 45+1-ին րոպեին Գերմանիայի հավաքականի հարձակվող Կայ Հավերցը խփել է իր թիմի երրորդ գոլը՝ իրացնելով 11-մետրանոցը։
68-րդ րոպեին հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը խփել է տանտերերի չորրորդ գնդակը։ 87-րդ րոպեին Գերմանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերը դարձել է ինքնագոլի հեղինակ, իսկ րոպեներ անց կիսապաշտպան Էմրե Ջանը տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով գրավել է մրցակցի դարպասն ու դրել հանդիպման վերջնակետը՝ 5:1:
Գերմանիայի հավաքականը վաստակել է երեք միավոր և զբաղեցրել առաջին տեղը A խմբում, Հունգարիայի և Շվեյցարիայի հավաքականներն իրենց հանդիպումը կանցկացնեն հունիսի 15-ին։