Վաղը Երևանում կայանալիք Հայաստան-Ղազախստան խաղից առաջ այսօր կայացավ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի նախախաղային մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա պատասխանեց նաև Սարգիս Ադամյանը մասին հարցին, որը մերժել է միանալ հավաքականին ակումբի հետ մրցաշրջանին նախապատրաստվելու պատճառաբանությամբ։
«Սարգիս Ադամյանին դեռ անցած հունիսին հրավիրել էի, նա մերժել էր՝ պատճառաբանելով, որ պետք է ներկա լինի կնոջ ծննդաբերությանը։ Մենք ըմբռնումով մոտեցանք այդ հարցին։ Հետո սեպտեմբերին, երբ նա միացավ մեզ, հունիսյան խաղերից հետո բոլորդ հիշում եք, որ Ռանոսը շատ լավ մարզավիճակում էր, գոլեր էր խփել և ես նախապատվությունը տվեցի նրան։ Ինձ հասած խոսակցություններով՝ Սարգիս Ադամյանը նեղացել է, և այս անգամ, երբ նրան կրկին հրավիրեցի, կրկին եղավ պատճառաբանություն, որ չի կարող միանալ արդեն վերը նշված պատճառներով։
Ինձ համար մի փոքր անընդունելի է որ ֆուտբոլիստը կարող է այդպես վարվել։ Ես նկատել եմ, որ երբ ֆուտբոլիստը ծնված է լինում Հայաստանից դուրս, նրա մոտ այդ հայրենասիրական մղումները նույնը չեն լինում այստեղ ծնված ֆուտբոլիստների համեմատ։ Իհարկե, վարպետությամբ նրանք հաճախ նույնիսկ գերազանցում են այստեղ ծնվածներին, բայց այդ հայրենասիրական մղումները, այդ նվիրվածությունը նրանց մոտ բացակայում է։ Այնպես որ ծանր հարց է և հույս կա, որ դա կփոխվի շուտով»,- ասաց Պետրակովը։
























































