«Լիվերպուլը» հետաքրքրություն է ցուցաբերում «Ռեալ Սոսյեդադի» 22-ամյա վինգեր Տակեֆուսա Կուբոյին ձեռք բերելու հարցում։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեռ ձմեռային տրանսֆերային պատուհանի մեկնարկից առաջ անգլիական ակումբը կապ է հաստատել «Ռեալ Սոսյեդադի» հետ՝ հնարավոր տրանսֆերի մանրամասները պարզելու համար։ Սակայն ինքը՝ ֆուտբոլիստը, հրաժարվել է «Լիվերպուլ» տեղափոխվել ձմռանը, քանի որ մտադիր է մինչև այս մրցաշրջանի ավարտը մնալ իսպանական թիմում։ Նշվում է, որ մերսիսայդցիները չեն կորցրել Կուբոյի նկատմամբ հետաքրքրությունը և առաջիկա ամռանը կփորձեն ձևակերպել տրանսֆերը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլը» հետաքրքրված է նաև Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Կո Իտակուրայի ծառայություններով։ Այս մասին հայտնել է Sky Germany-ն։
Աղբյուրի համաձայն՝ ճապոնացի ֆուտբոլիստի տրանսֆերը կարող է ձևակերպվել ամռանը, երբ ակտիվանա «Բորուսիայի» հետ նրա պայմանագրում առկա տրանսֆերի փոխհատուցման կետը (10 միլիոն եվրոյից մինչև 15 միլիոն եվրո): Պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Տոտենհեմը»: