Կոլումբիայի հավաքականը 2։1 հաշվով կամային հաղթանակ է տարել Բրազիլիայի նկատմամբ՝ ԱԱ-2026-ի՝ Հարավային Ամերիկայի ընտրական մրցաշարի 5-րդ տուրի խաղում։ Հանդիպումը կայացել է Բարանկիլայում՝ «Մետրոպոլիտանո Ռոբերտո Մելենդես» մարզադաշտում։
Հյուրերի հարձակվող Գաբրիել Մարտինելին 4-րդ րոպեին Վինիսիուս Ժունիորի փոխանցումից հետո բացել է խաղի հաշիվը։ Երկրորդ խաղակեսում՝ 75-րդ և 79-րդ րոպեներին, կոլումբացիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Լուիս Դիասը։
Այսպիսով, Բրազիլիան երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել ԱԱ-2026-ի ընտրական փուլում։ Նախորդ խաղում էլ թիմը պարտվել էր Ուրուգվային (0:2):
Հարավային Ամերիկայի ընտրական մրցաշարում Կոլումբիան 9 միավորով բարձրացել է երրորդ տեղ։ Թիմը դեռ ոչ մի պարտություն չի կրել՝ երկու հաղթանակ տանելով և երեք անգամ ոչ-ոքի խաղալով։ Բրազիլիան 7 միավորով նահանջել է հինգերորդ հորիզոնական։
























































