Ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին դարձել է արգենտինական «Բոկա Խունիորս» ակումբի խաղացող։ Այս մասին հայտնում է թիմի պաշտոնական «Twitter»-ը։
Կավանին «Բոկայում» կխաղա 10-րդ համարի ներքո։ Ավելի վաղ «Վալենսիան» հայտարարել էր Էդինսոնի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։ Անցած մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում թիմի կազմում անցկացրած 25 հանդիպումներում Կավանին դարձել է 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Կավանին իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2005 թվականին ուրուգվայական «Դանուբիո» ակումբում։ Իր կարիերայի ընթացքում նա հասցրել է հանդես գալ իտալական «Պալերմոյում» և «Նապոլիում», ինչպես նաև ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենում» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։ Էդինսոնը Ուրուգվայի կազմում իր նորամուտը նշել է 2008 թվականին և անցկացրել 136 հանդիպում, որոնցում դարձել է 58 գոլի հեղինակ։
























































