Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն կարիերան, ամենայն հավանականությամբ, կշարունակի Կազանի «Ռուբինում»։
Ինչպես հայտնում է լրագրող Սուրեն Մելիքսեթյանը, Իվուն արդեն բուժզննում է անցել ռուսական թիմի կազմում, իսկ ակումբները համաձայնեցրել են պայմանագրի բոլոր կետերը։
«Այժմ մնում է, որ Իվուն «Ռուբինի» հետ համաձայնեցնի անձնական պայմանագրի կետերը։ Տրանսֆերի իրականացման հավանականությունը 99,9% է»,- գրել է Մելիքսեթյանը ֆեյսբուքի իր էջում։
Հիշեցնենք, որ 23-ամյա Իվուն 2020 թվականի օգոստոսից է խաղում «Ուրարտուի» կազմում: Նախորդ մրցաշրջանում Իվուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը 450 հազար եվրո է գնահատում։
Նիգերիացի ֆուտբոլիստը 18 տարեկանից հանդես է գալիս Հայաստանում, երբ պայմանագիր կնքեց Վանաձորի «Լոռիի» հետ։ Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո Իվուն նաև 4 հանդիպման է մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։