Չարենցավանի «Վանի» պաշտպան Արթուր Քարտաշյանը կարիերան կշարունակի Տաջիկստանի չեմպիոն «Իստիկլոլի» կազմում: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Դուշանբեի «Իստիկլոլը» մեկ տարվա պայմանագիր է կնքել հայաստանցի կենտրոնական պաշտպան Արթուր Քարտաշյանի հետ։ Ֆուտբոլիստը, որը նախկինում հանդես է եկել «Փյունիկ», «Վան», «Սևան» և «Կիպրոսի Օլիմպիակոս» թիմերում, խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում: Նա արդեն չորրորդ օրն է, ինչ մարզվում է «Իստիկլոլի» հետ՝ թիմի հետ մասնակցելով ուսումնամարզական հավաքին»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Արթուր Քարտաշյանը նոր թիմում հանդես կգա 4 համարի ներքո։
Տեղափոխությունը մեկնաբանել է նաև անձամբ ֆուտբոլիստը. «Նոր գույներ, նոր մարտահրավեր. շարունակում եմ առաջ գնալ»:
Արթուր Քարտաշյանը 2023 թվականի հունվարին էր Կիպրոսի «Նիկոսիայից» տեղափոխվել Չարենցավանը ներկայացնող ակումբ: