«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը գրառում է կատարել դարպասապահ Դավիդ դե Խեայի՝ թիմից հեռանալու մասին։
«Դու արժանի էիր մարզադաշտում հրաժեշտ տալ երկրպագուներին, որոնք կծափահարեին քեզ՝ հիշելով բոլոր հրաշալի պահերը»,- գրել է Ֆերնանդեշը թվիթերի իր էջում։
Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 12 տարի։ «Կարմիր սատանաների» հետ նա հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան, Անգլիայի գավաթը, Լիգայի գավաթը (երկու անգամ), Անգլիայի Սուպերգավաթը (երեք անգամ) և Եվրոպայի լիգան։
2022/2023 մրցաշրջանում Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 58 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մանկունիանցիների հետ ավարտվել է այս տարվա հունիսի վերջին։ Կողմերը որոշել են չերկարաձգել պայմանագիրը։























































