«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը շարունակում է եվրոպական ակումբների ասոցիացիայի (ECA) հետ համագործակցությունը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ համագործակցությՆ շրջանակում ակումբի ակադեմիայի երկու մարզիչ այս անգամ մեկնել է Լեհաստան`մասնակցելու Վարշավայի «Լեգիա» ակումբի մարզական կենտրոնում կազմակերպվող դասընթացին, որն անցկացվելու է ապրիլի 25-ից 26-ը ու բաղկացած է երկու փուլից` տեսական ու գործնական:
«Առաջին օրը մեր մարզիչները հնարավորություն կստանան շրջել մարզաբազայում, այնուհետև մանրամասն ծանոթանալ տեղի ակադեմիայի աշխատանքի առանձնահատկություններին. լսել զեկույցներ մարզումային ծրագրերի պարբերականության, ֆուտբոլիստների հետ տարվող անհատական աշխատանքի, անհատական մոտեցման ներդրման և խաղացողների մտավոր բնութագրի մասին, ինչպես նաև հնարավորություն են ստանալու բացահայտել «Լեգիայի» դարպասապահների դպրոցը:
Դասընթացի եզրափակիչ օրը մեր մարզիչները հետևելու են լեհական ակադեմիայի տարբեր տարիքային թիմերի մարզումներին, ծանոթանալու են նրանց մարզումային ծրագրին, լինելու են ակադեմիայի վերլուծական կենտրոնում ու այցելելու են «Լեգիայի» տնային մարզադաշտ»,-ասված է հաղորդագրության մեջ: