Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) որոշում է կայացրել հարձակվող Ալեքսանդր Միտրովիչի 8-խաղյա որակազրկման վերաբերյալ:
28-ամյա սերբ ֆուտբոլիստը պատժվել է Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (1-3) մրցավարին հրելու համար։ 72-րդ րոպեին Միտրովիչը վիճել է մրցավար Քրիս Կավանագի հետ և հրել նրան, ինչի համար ակնթարթորեն կարմիր քարտ է ստացել։
Միտրովիչը նաև տուգանվել է 75000 ֆունտ ստեռլինգով: Հարձակվողն արդեն մեկ խաղ բաց է թողել որակազրկման պատճառով և բաց կթողնի նաև ԱՊԼ-ի առաջիկա 7 խաղերը:
«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարկո Սիլվան տուգանվել է 20 հազար ֆունտով և որակազրկվել երկու խաղով՝ մրցավարական թիմի ներկայացուցչին վիրավորելու համար։























































