Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը դիտարկում է Գրեհեմ Փոթերին փոխարինելու առնվազն հինգ թեկնածուի։
Ըստ The Telegraph-ի՝ Յուլիան Նագելսմանը, որը «Լայպցիգում» աշխատել է «Չելսիի» տեխնիկական տնօրեն Լոուրենս Ստյուարտի հետ, թիմը գլխավորելու ֆավորիտն է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նագելսմանը «Բավարիայից» հեռացվելուց հետո ընդմիջում կվերցնի և մինչև մրցաշրջանի ավարտը չի վերադառնա մարզչական աշխատանքի։ Այնուամենայնիվ, «Չելսին» մտադիր է համոզել գերմանացի մասնագետին որքան հնարավոր է շուտ գլխավորել թիմը։ Նշվում է, որ Նագելսմանի հեռացումը «Բավարիայից» չի ազդել «Չելսիի»՝ Գրեհեմ Փոթերից բաժանվելու որոշման վրա։
Այլընտրանքային թեկնածուների թվում են Մաուրիսիո Պոչետինոն և Լուիս Էնրիկեն: Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը նախատեսում է բանակցություններ վարել նաև «Նապոլիի» մարզիչ Լուչիանո Սպալետիի և «Այնտրախտի» մարզիչ Օլիվեր Գլասների հետ։
Նոր մարզիչ նշանակելու որոշումը կկայացնեն մարզական տնօրեն Փոլ Ուինսթենլին և տեխնիկական տնօրեն Լոուրենս Ստյուարտը։ «Չելսիի» ղեկավարներն այնուհետև կվերլուծեն յուրաքանչյուր թեկնածուի մոտեցումը՝ որոշելու, թե ով է լավագույնս համապատասխանում ակումբին:
Երեկ երեկոյան «Չելսին» պաշտոնական հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ Գրեհեմ Փոթերը կհեռանա գլխավոր մարզչի պաշտոնից:























































