Բելգիայի հավաքականի հարձակվող Միշի Բատշուային խոսել է ԱԱ 2022-ին խմբային փուլի առաջին տուրում Կանադայի նկատմամբ տարած հաղթանակի (1:0) մասին։
«Այսօր Բելգիայի հավաքականը լավագույնը չէր: Սա դեռ լավագույն Բելգիան չէ։ Ես հասկանում եմ, որ քննադատելու բան կա։ Բայց կան նաև դրական բաներ, որոնցից ամենակարևորն արդյունքն է։ Չնայած մենք պետք է ավելի շատ գոլեր խփեինք։ Անձամբ ես ուրախ եմ, որ առաջին գոլի հեղինակը դարձա։ Դա իսկապես լավ փոխանցում էր Տոբիից»,- Բատշուայիի խոսքն է մեջբերել L’Equipe-ը։
Բելգիան 3 միավորով առաջատար է F խմբում։ Կանադան վերջին տեղում է՝ զիջելով Մարոկոյին և Խորվաթիային, որոնք վաստակել են 1 միավոր։
Հաջորդ տուրում Բելգիան կխաղա Մարոկկոյի, իսկ Խորվաթիան՝ Կանադայի հետ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան նոյեմբերի 27-ին։
























































