Տավուշի մարզի Իջևան քաղաքում օրերս կազմակերպվել է շախմատային մեծ միջոցառում՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջոցառումների և սոցիալական հարցերի հանձնաժողովի, Հայաստանի շախմատի ակադեմիայի, ինչպես նաև Տավուշի մարզի շախմատի ֆեդերացիայի համատեղ ուժերով։
Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի փոքրիկ շախմատիստները։ Միջոցառման ընթացքում աշխարհի մինչև 16տ.չեմպիոն ու մինչև 18 և 20տ. փոխչեմպիոն, միջազգային գրոյսմայստեր Շանթ Սարգսյանը և ակադեմիայի մարզիչ Տիգրան Ազարյանը համաժամանակյա խաղ են անցկացրել փոքրիկ շախմատիստների հետ, որին հաջորդել է սեմինար-դասընթացը՝ Տիգրան Ազարյանի դասախոսությամբ:
«Շախմատային խաղերի ու հետաքրքիր քննարկումների արդյունքում տավուշցի փոքրիկները բացահայտեցին շախմատային զարմանահրաշ աշխարհը ու ձեռք բերեցին բազմաթիվ նոր գիտելիքներ: Չափազանց կարևոր է նման միջոցառումների կազմակերպումը մարզերում․ դա խթանում է շախմատի մասսայականացումը և զարգացումը»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։