Մարմնամարզության Եվրոպայի երիտասարդների պայքարում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Էրիկ Բաղդասարյանի խոսքով՝ ԵԱ-ին առաջին մասնակցությունը բարդ էր, մրցակցությունն էլ՝ բավականին թեժ. «Վարժությունս կատարեցի մաքսիմալ մաքուր և լավ, ինչի արդյունքում կարողացա արժանանալ ոսկե մեդալին: Մեր ամբողջ թիմն ինձ շատ է օգնել, միշտ զգացել եմ մարզիչների և մարզիկների աջակցությունը, նրանք միշտ իմ և մյուս երիտասարդ մարզիկների կողքին են, ոգեշնչում են և ամեն ինչ ավելի հեշտ է դառնում»:
15-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն էլ, որը Մյունխենում անցկացված Եվրոպայի առաջնությունում երկու արծաթե մեդալ նվաճեց, առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի առաջնությանը: Մանուկյանը նժույգ թափեր և օղակներ վարժություններից հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն:
Մանուկյանի խոսքով՝ երկու վարժության եզրափակիչ դուրս գալն ու կենտրոնանալը բարդ էր. «Լարվածություն կար, որը շատ էր խանգարում, բայց կարողացա հաղթահարել ու երկու գործիքով դուրս գալ եզրափակիչ: Եզրափակչում էլ լավ հանդես եկա և երկու արծաթե մեդալ նվաճեցի, ինչի համար շատ ուրախ եմ»:
15-ամյա մարզիկն ասում է՝ պետք է քրտնաջան աշխատի և շատ մարզվի, որպեսզի հետագայում այս արծաթները փոխարինի ոսկե մեդալով. «Պետք է նոր էլեմենտներ սովորեմ, որպեսզի բարդացնեմ վարժությունս և հետագայում ավելի բարձր հարկի մեդալներ նվաճեմ»:
Հիշեցնենք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներին, շնորհավորել նրանց Մյունխենում անցկացված Եվրոպայի առաջնությունում գրանցած բարձր արդյունքների համար և խրախուսել շնորհակալագրերով ու հուշանվերներով:
Հայաստանի մեծահասակների հավաքականը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Կարիերայում երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 38-ամյա Հարություն Մերդինյանը՝ հավասարը չունենալով նժույգ թափեր վարժությունում։ ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսն էլ նվաճել է Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը՝ հենացատկից:
Երիտասարդ մարմնամարզիկներն էլ Արտակ Այդինյանի գլխավորությամբ 1 ոսկե և 2 արծաթե մեդալ են նվաճել: Եվրոպայի չեմպիոն է դարձել Էրիկ Բաղդասարյանը՝ ոսկե մեդալ նվաճելով զուգափայտից, իսկ Համլետ Մանուկյանը հռչակվել է Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն: Մանուկյանը երկու արծաթե մեդալ է նվաճել նժույգ թափեր և օղակներ վարժություններից։