Այսօր՝ հունիսի 2-ին, բրազիլացի հարձակվող Նեյմարը դուբլի հեղինակ է դարձել Հարավային Կորեայի դեմ ընկերական խաղում (5:1):
Հարձակվողը երկու անգամ գրավել է մրցակցի դարպասը՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածները։ Այսպիսով, ազգային հավաքականի կազմում անցկացրած 118 խաղում հարձակվողը խփել է 73 գոլ։ Նեյմարը ազգային թիմում խաղում է 2010 թվականից։
Նշենք, որ Բրազիլիայի հավաքականում գոլերի քանակով ռեկորդը պատկանում է լեգենդար հարձակվող Պելեին։ Նախկին հարձակվողը 92 խաղում դարձել է 77 գոլի հեղինակ։ Պելեն ազգային հավաքականում խաղացել է 1957-1971 թվականներին։
Հավաքականի կազմում Նեյմարը Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի հաղթող է (2016) և Կոնֆեդերացիաների գավաթի (2013) հաղթող։
























































