Կանադայի հավաքականը հրաժարվել է ընկերական խաղ անցկացնել Իրանի հավաքականի հետ։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով Canada Soccer-ին։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ հունիսի 5-ին նախատեսված խաղի չեղարկման որոշումը կայացվել է Կանադայի կառավարության և 2020 թվականի հունվարին Թեհրանում կործանված ինքնաթիռի ուղևորների ընտանիքների կողմից ճնշման ներքո։
Հաղորդվում է, որ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան դատի կտա Կանադայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ պահանջելով 10 մլն դոլար միակողմանիորեն խաղը չեղարկելով պայմանագիր խախտելու համար։
Հիշեցնենք՝ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737-800 ինքնաթիռը կործանվել էր 2020-ի հունվարի 8-ի վաղ առավոտյան Թեհրանից անմիջապես օդ բարձրանալուց հետո։ Մահացել էր 176 մարդ՝ նրանց թվում Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ։