VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում ԲԿՄԱ-ն ընդունել էր «Նորավանքին» ու նվազագույն հաշվով պարտություն կրեց։ Խաղից հետո լրագրողների հետ հանդիպեց ԲԿՄԱ-ի մարզիչ Գևորգ Պողոսյանը։
«Կարծում եմ՝ ուշադրության պակասը վճռեց խաղի ելքը։ Ստանդարտ իրավիճակում մի փոքր անուշադիր էինք և դա մեզ 3 միավոր արժեցավ։ Փորձեցինք հետ բերել, բայց չստացվեց»,- ասաց Պողոսյանը։
-Թիմի գլխավոր մարզիչը բացակայում էր, ինչպես նաև չկար երկրորդ մարզիչը, Դուք էիք ղեկավարում թիմի գործողությունները։ Ինչպիսի՞ն էր այդ նոր դերը Ձեզ համար ու ինչպե՞ս էր Ձեզ մոտ այն ստացվում։
-Գլխավոր մարզիչը ներքևում չէր, բայց ինքն էր ղեկավարում, ես իմ գործողություններն էի կատարում։ Այնպես որ ես իմ դերում էի, գլխավոր մարզիչը՝ իր։
-Իսկ որքանո՞վ թիմին խանգարեց այն փաստը, որ գլխավոր մարզիչը ներքևում չէր։
-Կարծում եմ՝ հոգեբանական առումով որոշակիորեն ազդեց թիմի վրա։ Յուրաքանչյուր թիմում էլ մարզչի բացակայությունն ազդում է ֆուտբոլիստների վրա։ Մեր դեպքն էլ բացառություն չէր։
-Տեղյակ եք, որ ձեր գլխավոր մարզչին որակազրկել են 3 խաղով, ի՞նչ կասեք այդ մասին։ Հասցրե՞լ եք արդեն այդ հարցը քննարկել Նազարյանի հետ ու արդյոք սպասո՞ւմ էիք, որ ֆեդերացիայի կողմից նման որոշում կկայացվի։
-Ձեզնից իմացա, որ 3 խաղով է որակազրկվել, չգիտեի։ Իմ կարծիքով՝ 3 խաղը մի փոքր շատ է մրցավարի հետ ուղղակի բանավիճելու համար։
-Այսօր Ձեր թիմի կողմից վտանգավոր պահերը քիչ չէին, բայց թիմի կողմից ռեալիզացնելու խնդիր կար, ըստ Ձեզ՝ ինչո՞վ էր դա պայմանավորված։
-Մի փոքր շտապում էինք, դրանով էր պայմանավորված։