Vbet ՀՊԼ-ի 26-րդ տուրում «Փյունիկը» 2-1 հաշվով հաղթեց «Արարատին»։
Խաղից հետո իր տպավորություններով կիսվեց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
«Հաղթել ենք, սակայն այդքան էլ ուրախ չեմ։ Մեծ ցանկություն ունեին հաղթելու և կարողացանք հասնել մեր նպատակին, բայց կային խնդիրներ, որոնց վրա պետք է աշխատել։
Կային պատճառներ այսպիսի խաղի համար, բայց սա ֆուտբոլ է։ Երբեմն լավ խաղով չենք կարողանում հաղթել, վատ խաղով ստացվում է։ Կաշխատենք շտկել սխալները, որպեսզի կարողանանք ցուցադրած լավ խաղով հաղթել մնացած հանդիպումներում։
Կային տակտիկական սխալներ, այդ պատճառով առաջին կեսից հետո փոխեցինք խաղային սխեման, որից հետո մի քիչ դրական փոփոխություն նկատվեց։ Անիմաստ գոլ բաց թողեցինք։ Տղաները կորցրեցին հարձակման և պաշտպանության միջև բալանսը։ Դրա վրա ևս ուշադրություն կդարձնենք»։
Մելիքյանը պատասխանեց նաև ArmSport-ի հարցերին․
-Պարոն Մելիքյան, ինչո՞վ էր պայմանավորված թիմի ավագ Գևորգ Ղազարյանի բացակայությունը մեկնարկային կազմից։
-Գևորգը հավաքականից վերադառնալուց հետո հիվանդացավ։ Ապրի ինքը, որ կարողացավ մասնակցել այսօրվա հանդիպման վերջնամասին։
Այսօր Գևորգը լավ աշխատեց։ Հուսով ենք, որ շուտով օպտիմալ մարզավիճակ ձեռք կբերի։ Նա մեր թիմի ավագն է և առաջատարներից մեկը։ Բնականաբար, Ղազարյանի տեղը պահեստայինների նստարանը չէ։
-Երբ ձեռք բերեցիք Ալեքսանդր Գոնսալեսի տրանսֆերը, շատերը նշում էին, որ նա ոչ միայն «Փյունիկի», այլև առաջնության ամենաաստղային ֆուտբոլիստներից մեկն է, բայց դեռևս չի կարողանում ցուցադրել լավագույն խաղային որակները։ Ի՞նչ կասեք Գոնսալեսի ցուցադրած խաղի մասին։
-Մինչև մեզ միանալը երկար ժամանակ բացակայել է։ Վստահաբար, բոլորդ տեղյակ եք նրա անցած ճանապարհից, պարզապես ժամանակ է հարկավոր իրեն։ Խաղային պրակտիկայի կարիք ուներ, որն աստիճանաբար պետք է լրացնի։
Տարբեր ֆուտբոլիստներ տարբեր կերպով են ձեռք բերում այդ լավ մարզավիճակը։ Երկրորդ հանգամանքը կայանում է ադապտացիայի հետ։ Ալեքսը դեռևս հարմարվելու խնդիր ունի։ Ես բոլոր ֆուտբոլիստներին ասում եմ, որ մեր առաջնությունը շատ ուժեղ է, և այստեղ ոչ մի ֆուտբոլիստի համար հեշտ չէ։ Գոնսալեսի հետ ևս զրուցել եմ այդ թեմայով, ևս մեկ անգամ կզրուցեմ։
Իր այսօրվա խաղից շատ դժգոհ եմ։ Ինձ համար չկան աստղային ֆուտբոլիստներ և անուններ, ով պատրաստ լինի, նա էլ կխաղա։ Ալեքսանդրի մոտ ավելի շատ հոգեբանական խնդիրներ կան, երբ կարողանա իր առավելագույնը տալ դաշտում, միանշանակ շատ օգտակար կլինի։