ՈՒԵՖԱ-ն ցանկանում է 2028 թվականից Եվրոյի մասնակիցների թիվը հասցնել 32-ի։ 2028 թվականի մրցաշարը, ամենայն հավանականությամբ, կկայանա Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում:
Եվրոպայի առաջնության մասնակիցների թիվը նախկինում 16-ից հասցվել է 24-ի՝ սկսած 2016 թվականից։ ՈւԵՖԱ-ն այժմ ցանկանում է, որ 55 թիմերից 32-ը խաղան եզրափակիչ փուլում:
Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) նախագահ Մաետա Մոլանգոն դեմ է արտահայտվել այս մտադրությունը։ Նրա կարծիքով՝ նման որոշումը կհանգեցնի մրցաշարի որակի նվազմանը, որից կտուժեն ինչպես խաղացողները, այնպես էլ երկրպագուները։
«Դա ուղղակի կվնասի մրցաշարի որակին: Երեխաներն իրենց կուռքերին լավագույն մարզավիճակով չեն տեսնի։ Այսպիսին է իրականությունը։ Այո, ընդլայնումից կարող է լինել կարճաժամկետ ֆինանսական օգուտ, բայց երկարաժամկետ հեռանկարում մենք վնասում ենք մրցաշարը: Մենք մտահոգված ենք, որ խաղացողները միշտ վերջինն են իմանալու: Գործընթացը կառուցված է այնպես, որ նրանք իմանան, երբ ամեն ինչ արդեն որոշված է: Մանչեսթերում հանդիպեցինք ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի և Արսեն Վենգերի հետ։ Այնտեղ էին Պրեմիեր լիգայի բոլոր թիմերի ավագները և այլ խաղացողներ։ Կարծում եմ՝ հիմա մենք ՈւԵՖԱ-ի հետ խոսելու բան ունենք։ Վերջին Եվրոյին մասնակցած ֆուտբոլիստների մեկ երրորդը հանդես է եկել Անգլիայում։ Մենք ակնկալում ենք, որ նրանք շատ ավելի կարևոր դեր կունենան այս քննարկումներում»,- մեջբերում է Մոլանգոյին Daily Mail-ը: