Ուկրաինական ֆուտբոլի լեգենդ, 45-ամյա Անդրեյ Շևչենկոն, որն ավելի վաղ գլխավորել է Ուկրաինայի ազգային հավաքականն ու իտալական «Ջենոան», խոսել է իր հայրենիքում տիրող վիճակի մասին.
«Այնքան հպարտ եմ, որ ուկրաինացի եմ: Իմ երկրի, ազգի և ընտանիքի համար սա շատ բարդ պահ է: Մենք պետք է կանգնեցնենք այս պատերազմը: Մայրս ու քույրս հիմա Կիևում են, և այնտեղ ահավոր բաներ են տեղի ունենում: Նրանք, ինչպեսև ուկրաինացիների մեծամասնությունը, հրաժարվում են հեռանալ: Նրանք մնում են, որ պայքարեն մեր ազատության և մեր հոգու համար:
Մենք միասնական ազգ ենք, և այս պահին՝ միասնական երկիր: Շատ են օգնողները՝ ընտանիքները փորձում են զինվորների հետ կիսել սնունդը, օգնել կռվողներին: Սա Ուկրաինայի պատմության ամենաբարդ պահերից մեկն է, բայց մարդիկ իսկապես միասնական են, քանի որ մենք ազատություն ենք ցանկանում և պաշտպանություն մեր տներին:
Մենք ունենք փախստականներ, բնակչությանն անհրաժեշտ է հումանիտար, բժշկական և պարենային օգնություն: Այնպիսի զգացողություն է, որ ես շատ բան կարող եմ անել այս առումով և ես դա անում եմ»,- Շևչենկոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
























































