Լեհաստանի և Շվեդիայի հավաքականներն արդեն հրաժարվել են Աշխարհի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆում խաղալ Ռուսաստանի ազգային հավաքականի դեմ և կոչ են անում Չեխիայի հավաքականին հետևել այդ օրինակին։
Երեկ երեկոյան այդ կոչերին միացել է չեխական ֆուտբոլի լեգենդ և իտալական «Յուվենտուսի» ներկայիս փոխնախագահ Պավել Նեդվեդը։
«Պետք է խոստովանեմ, որ այսօր դժվար է հարյուր տոկոսով կենտրոնանալ ֆուտբոլի վրա: Ես Արևելյան Եվրոպայից եմ, ուստի հասկանում եմ ուկրաինացիների զգացմունքները: Ես մեծացել եմ ոչ հեռու:
Կարող եմ ասել, որ ոչ ոք արժանի չէ նման տառապանքի, ոչ ոք: Ես խոսեցի «Յուվենտուսի» և Լեհաստանի հավաքականի դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի հետ, ով հրաժարվեց խաղալ փլեյ-օֆֆում: Ես նրան շատ լավ հասկանում եմ, քանի որ դժվար է: Ես ակնկալում եմ, որ Չեխիան կանի այն, ինչ արեց Լեհաստանը և Շվեդիան, ու ես չեմ հասկանում, թե ինչի են սպասում, միակ ճիշտ որոշումը լեհական ու շվեդական ասոցիացիաների որոշումն է», — ասել է Նեդվեդը DAZN-ին տված հարցազրույցում: