Լա լիգայի 11-րդ տուրում «Օսասունայի» դեմ գոլազուրկ ոչ-ոքիից հետո Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին հարցրել են «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հեռացման մասին։ Նույն տուրում կատալոնացիները նվազագույն հաշվով պարտվեցին «Ռայո Վալեկանոյին»։
«Լսեք, ինձ էլ են շատ անգամներ հեռացրել իմ պաշտոնից կարիերայիս ընթացքում։ Եվ ի՞նչ, ոչ ոք դեռ չի մահացել, բոլորը երջանիկ են։ Դա աշխատանքի մի մասն է, դուր է գալիս դա ձեզ, թե ոչ։
Երբ քո պաշտոնին ես, պիտի 100%-ով ներդնես ուժերդ աշխատանքիդ մեջ։ Եթե հեռացրել են, սարսափելի ոչինչ չկա, պիտի շարունակես առաջ գնալ մաքուր խղճով ու այն գիտակցությամբ, որ քեզ ամբողջողվին նվիրել ես գործին։ Ես կարծում եմ, որ Կումանը «Բարսելոնային» տվել է այն ամենը, ինչ կարողացել է տալ»,- ասել է Անչելոտին։
























































