Այսօր՝ մարտի 18-ին կկայանան Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները։ 16 թիմեր կպայքարեն հաջորդ փուլի 8 ուղեգրերի համար։
Իտալական «Ռոման», կարելի է ասել, որ մեկ ոտքով արդեն 1/4 եզրափակչում է․ առաջին խաղում «Շախտյորի» դարպասն ուղարկած 3 անպատասխան գնդակները ահռելի առավելություն են տալիս պատասխան խաղից առաջ։ Ցավոք, վնասվածքի պատճառով հանդիպումը բաց կթողնի Հենրիխ Մխիթարյանը, սակայն «գայլերը» ձեռք բերած առավելությունը պահելու ներուժ ունեն։
Նույնը կարելի է ասել նաև «Յանգ Բոյս»-«Այաքս» զույգի մասին, որտեղ նույն՝ 3-0 հաշիվն էր գրանցվել հօգուտ ամստերդամյան ակումբի։ Տեն Հագի թիմը շատ վստահ տեսք ունի, և դժվար թե այսօր շվեյցարացիները կարողանան բեկել այս դիմակայության ելքը։ «Գայլերին» և ամստերդամցիներին 90% հավանականությամբ կտեսնենք հաջորդ փուլում։
Նրանց միանալուն մոտ է նաև Լոնդոնի «Արսենալը», որը արտագնա առաջին խաղում հաղթեց «Օլիմպիակոսին» 3-1 հաշվով։ Արտետայի թիմը վերջերս շատ լավ մարզավիճակ է հավաքել և պատասխանում խաղում դժվար թե զիջի հաջորդ փուլի ուղեգիրը հույներին։ Չնայած՝ «Օլիմպիակոսից» ամեն ինչ սպասելի է, մեկ անգամ չէ, որ հունական ակումբը անակնկալներ է մատուցել Եվրագավաթներում։
Իսկ ահա այս փուլի կենտրոնական խաղում դեռևս պահպանվում է ինտրիգը․ «Միլանը» առաջին խաղում կարողացավ ոչ-ոքի կորզել ՄՅՈւ-ից և այժմ դիմակայության ելքը կորոշվի Միլանում։ Հանդիպմանը հնարավոր է մասնակցի նաև Զլատան Իբրահիմովիչը, ով առաջին խաղը բաց էր թողել վնասվածքի պատճառով։ Այնպես որ, սպասվում է անչափ թեժ ու հետաքրքիր հանդիպում։
Պատասխան խաղերից առաջ զգալի առավելություն ունեն նաև «Տոտենհեմը, «Վիլյառեալը» և «Գրանադան»․ երեք թիմերն էլ միևնույն՝ 2-0 հաշվով հաղթանակներ են տարել մրցակիցների նկատմամբ։ Զագրեբի «Դինամոյի» ճամբարում այժմ քաոս է՝ արդեն նախկին գլխավոր մարզչի սկանդալի հետ կապված և դեռ հարցական է՝ ինչ տրամադրությամբ թիմը կմոտենա լոնդոնցիների հետ դիմակայությանը։ իսկ ահա «Վիլյառեալին» մի փոքր ավելի դժվար հանդիպում է սպասվում մյուս «Դինամոյի» հետ Կիևից, որը դեռ կփորձի գլխացավանք պատճառել մրցակցին պատասխան խաղում։ Իսկ «Գրանադան» ամենայն հավանականությամբ առանց դժվարության կհաղթահարի նորվեգական «Մյոլդեի» արգելքը։
«Ռեյնջերս»-«Սլավիա» դիմակայությունը շարունակում է մնալ ամենահետաքրքիրներից մեկը այս փուլում։ Ինչպես նախորդ անգամ նշել էինք, այս զույգում ակնկալվում է համառ և հավասար պայքար։ Դե ինչ, առաջին խաղում գրանցվեց 1-1, և այսօր սպասվում է է՛լ ավելի դիտարժան հանդիպում։
⚽ Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումների ժամանակցույց.
«Շախտյոր»-«Ռոմա» 21։55
«Արսենալ»-«Օլիմպիակոս» 21։55
«Դինամո Զ․»-«Տոտենհեմ» 21։55
«Մյոլդե»-«Գրանադա» 21։55
«Յանգ Բոյս»-«Այաքս» 00։00
«Վիլյառեալ»-«Դինամո Կ․» 00։00
«Միլան»-«Մանչեսթեր Յունայեթեդ» 00։00
«Ռեյնջերս»-«Սլավիա» 00։00
Վար Բաբայան