Հայ բադմինթոնիստները որոշ ընդմիջումից հետո վերսկսել են իրենց մարզումները, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Պողոսյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում ասել է, որ որ առայժմ ընդհանուր ֆիզպատրաստականությունը վերականգնող վարժությունների վրա է շեշտը դրվում։
«Մարզումների ընթացքը գոհացնում է, իսկ ահա մասսայականությունը, մեղմ ասած, բավարար չէ։ Վատ չի լինի գովազդել , հանրությանը տեղեկացնել, որ դիտարժան լինելուց բացի, մեր մարզաձևը նաև մեծապես նպաստում է մարդու սիրտանոթային և ընդհանուր շնչառական համակարգի առողջացման, զարգացման ու երկարակեցության գործին։ Ասածը փաստում են առողջապահության համակարգի մասնագետները։ Այս առումով գործնական քայլեր կատարել կարող են տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարներն ու մարզաշխատողները»,- ասել է Հրաչյա Պողոսյանը:
Իսկ հավաքականի առաջատար Լիլիթ Պողոսյանն էլ ասել է, որ աջ ոտքի աքիլեսյան ջիլն առանց վիրահատության ու դեղամիջոցների միջամտության, արդեն բուժվել է։
Այդ գործում մարզուհին պարտական է հայ-ամերիկյան մարզական բժշկության միության հիմնադիր, ամերիկահայ Նիկոլաս Թավուքչյանին։ Նա ինքն է տեսակապով զրուցել, մանրամասն զննել երևանցու ոտնաթաթի շարժումները, ճիշտ ախտորոշել ,բուժական հատուկ վարժություններ առաջադրել Լիլիթին։
Լիլիթը ցանկանում է օր առաջ մեկնել Դանիա, միանալ այնտեղ գործող բադմինթոնի միջազգային ակադեմիայի իր մարզընկերներին և նրանց հետ շարունակել պարապմունքները:
Ճիշտ է, վնասվածքի պատճառով գրեթե կես տարի բաց է թողել օլիմպիական վարկանիշային ավելի քան մեկ տասնյակ մրցաշարեր, բայց շատ է ուզում առաջիկա ստուգատեսներում հաջողության հասնել ու Հայաստանի օլիմպիական պատվիրակության կազմում մասնակցել Տոկիոյում 2021թ ․ կայանալիք համաշխարհային գլխավոր մարզահանդեսին։