Գյումրիի «Շիրակի» նիգերիացի հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն, որի հետ օրերս ArmSport-ը զրուցել էր մի շարք թեմաների մասին, հրավեր կստանա Հայաստանի ազգային հավաքականից։ Այս մասին հաղորդում է News.am Sport-ը։
Նշվում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներն արդեն բանակցել են 24-ամյա ֆուտբոլիստի հետ, որը Հայաստանում հանդես է գալիս 2015թ․ մայիսից և Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կանոններով՝ 5 տարի նույն երկրում հանդես գալուց հետո ունի ֆուտբոլային քաղաքացիությունը փոխելու հնարավորություն։
Սոլոմոն Իմե Ուդոն 2015-ին բելգիական «Էյպենից» էր տեղափոխվել Երեւանի «Արարատ»։ Հետագայում նիգերիացի կիսապաշտպանը հանդես է եկել «Ուլիսում», «Ուրարտուում» և «Շիրակում», որի կազմում անցկացրել է 100-ից ավելի հանդիպում։