«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 2026/27 մրցաշրջանի 2-րդ տուրի՝ թուրքական «Գալաթասարայի» դեմ կայանալիք արտագնա խաղի սպասելիքներով:
«Պետք է պատրաստ լինենք այն մթնոլորտին, որը մեզ սպասվում է առաջիկա խաղում: Այստեղ այն աշխարհում ամենատպավորիչներից մեկն է: Դա ուղղակի անհավանական է, մարզադաշտն ապշեցուցիչ հնչեղություն ունի: Մեր մրցակիցն սկսել է շատ ավելի լավ խաղալ թոփ ակումբների դեմ, ուստի պետք է միասնականություն պահպանենք»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում AS-ը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ֆավորիտի կարգավիճակը ճնշում չի գործադրում կատալոնական թիմի վրա, Ֆլիկը նշել է.
«Միշտ ասում եմ, որ գոհ եմ մեր մարզումային գործընթացից, սակայն յուրաքանչյուր հանդիպում յուրահատուկ է: Բարդ խաղ է լինելու: Այստեղ խաղալն արտոնություն է, բայց ֆուտբոլում շատ բան կարող է արագ փոխվել: Մենք պատրաստ ենք խաղին»:
Նախախաղային ասուլիսի ժամանակ «բլաուգրանայի» գլխավոր մարզիչը նաև կտրականապես հրաժարվել է մեկնաբանել Լա Լիգայի 8-րդ տուրում՝ «Վիլյառեալի» դեմ խաղում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի սկանդալային հեռացումը, ինչպես նաև մադրիդցիների կողմից մրցավարության հասցեին հնչող քննադատությունները.
«Հուսով եմ՝ մի օր դուք նույնպես կհասկանաք, որ ես երբեք չեմ պատասխանում «Ռեալի» մասին հարցերին, երբ մենք չենք խաղում այդ թիմի դեմ։ Առջևում «Գալաթասարայի» հետ հանդիպումն է, և մենք պետք է հարգենք այս մրցակցին։ Սա ֆանտաստիկ թիմ է՝ անհավանական մարզադաշտով և յուրահատուկ մթնոլորտով։ Ես չեմ ցանկանում խոսել «Ռեալի» մասին, որովհետև մենք պետք է կենտրոնանանք բացառապես մեր խաղի վրա»,- ընդգծել է Ֆլիկը։
Չեմպիոնների լիգայի հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Ստամբուլի «ՌԱՄՍ Պարկ» մարզադաշտում։ Հանդիպման գլխավոր մրցավարն է իտալացի Մարկո Գուիդան, իսկ մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին։























































