Գերմանական «Բոխում» ակումբը հանդես է եկել անսովոր հայտարարությամբ՝ սեփական երկրպագուներին խնդրելով տնային խաղերի ընթացքում չցատկոտել մարզադաշտի տրիբունաներից մեկում։
Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող ակումբը հատուկ հետազոտություն է անցկացրել և պարզել, որ ֆանատների ռիթմիկ ու սինքրոն ցատկերն այդ տրիբունայում ուժեղ տատանումներ են առաջացնում։ Դրանք վտանգի զգացում են ներշնչում մյուս հանդիսականներին, նրանց մոտ գլխապտույտ են առաջացնում, ինչպես նաև կարող են խոչընդոտել մարզադաշտի վերակառուցման ընթացքին։
«Բոխումում» հստակեցրել են, որ արգելքը վերաբերում է հենց համաժամանակյա ռիթմիկ ցատկերին, այլ ոչ թե գոլերի կամ վտանգավոր դրվագների ժամանակ առաջացած ինքնաբուխ, էմոցիոնալ արձագանքներին։
Առայժմ հայտնի չէ, թե ինչ պատժամիջոցներ կկիրառվեն կանոնը խախտող երկրպագուների նկատմամբ։ Նախատեսվում է, որ սահմանափակումն ուժի մեջ կմնա մինչև 2028 թվականը՝ տրիբունայի վերակառուցման աշխատանքների ամբողջական ավարտը։




























































