Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը ցանկանում էր տեղափոխվել «Բարսելոնա», սակայն մադրիդյան ակումբը թույլ չտվեց նրան հեռանալ։ Դեռ այն ժամանակ մամուլում գրում էին, որ մադրիդցիները պատրաստ են վաճառել Ալվարեսի տրանսֆերը, սակայն ոչ կատալոնական ակումբին՝ նախապատվությունը տալով Լոնդոնի «Արսենալին»։
Ինչպես հաղորդում է The Touchline պարբերականը՝ հղում անելով հայտնի լրագրող Գիլյեմ Բալագեին, այժմ ինքը՝ Խուլիան Ալվարեսն է ցանկանում կարիերան շարունակել «Արսենալում»։ Արգենտինացի ֆուտբոլիստը լրջորեն դիտարկում է հունվարին Լոնդոն տեղափոխվելու հնարավորությունը:
Եթե նախկինում հարձակվողի համար գերակա ուղղությունը «Բարսելոնան» էր, ապա այժմ նրա համար թիվ մեկ տարբերակը դարձել է «Արսենալը»։ Նշվում է, որ Ալվարեսն իր երկարաժամկետ ապագան այլևս չի տեսնում «Ատլետիկոյում»։
Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբը դեռ ամռանը պատրաստ էր 26-ամյա ֆուտբոլիստի համար վճարել ավելի քան 100 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Չի բացառվում նաև, որ «Արսենալը» գործարքի մեջ ներառի Վիկտոր Սոկերեսին կամ Նոնի Մադուեկեին։























































