«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը ֆինանսական կանոնների խախտման պատճառով անգլիական ակումբի՝ ավելի ցածր դիվիզիոն տեղափոխվելու դեպքում կարիերան կշարունակի Իսպանիայում՝ նախապատվությունը տալով «Բարսելոնային»: Այս մասին հաղորդում է Football Insider պարբերականը:
Ըստ աղբյուրի՝ նման սցենարի զարգացման դեպքում նորվեգացի ռմբարկուն կմերժի Լոնդոնի «Արսենալի» տարբերակը: 26-ամյա հարձակվողի շուրջ ստեղծված իրավիճակին ուշիուշով հետևում է նաև Մադրիդի «Ռեալը»: Նշվում է, որ իսպանական երկու գրանդներից մեկում հանդես գալու հեռանկարը ֆուտբոլիստի համար խիստ գրավիչ է. կարիերայի այս փուլում նրան մեծապես հետաքրքրում է Լա լիգայում ուժերը փորձելու մարտահրավերը:
Հաղորդվում է, որ Հալանդն արդեն մի քանի տարի է՝ կատալոնական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկն է: «Բարսելոնան» պատրաստ է անմիջապես պայքար սկսել հարձակվողի համար, հենց որ նրա՝ թիմը փոխելու ցանկության վերաբերյալ առաջին իսկ ազդակները ստանա:
Հիշեցնենք, որ Էրլինգ Հալանդն անգլիական ակումբ է տեղափոխվել 2022 թվականի ամռանը: Նրա գործող պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ նախատեսված է մինչև 2034 թվականը, իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 220 միլիոն եվրո։

























































